ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ՀԱՅԵՐԵՆԻՑ ՄԻՋԻՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ 3,86 Է

ՀԱՅԵՐԵՆԻՑ ՄԻՋԻՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ 3,86 Է
26.11.2010 | 00:00

Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրապետության բոլոր 91 ավագ դպրոցների 10-րդ դասարաններում գնահատման և թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) անցկացրեց արտաքին գնահատումներ «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներից։ Արդյունքները բավականին ցածր են. մասնավորապես հայոց լեզվից թեստեր գրած 10031 աշակերտների միջին գնահատականը 3,86 է (գնահատման 10-բալանոց սանդղակով), 9 և 10 գնահատական ստացող չի եղել։ Ընդ որում, «Մաթեմատիկա» առարկայից միջին գնահատականը փոքր-ինչ բարձր է, և 9-10 ստացողների չնչին տոկոս, այնուամենայնիվ, կա։
ԳԹԿ քննական առաջադրանքների մշակման և մեթոդական օժանդակության բաժնի գլխավոր մասնագետ, բանասիրական գիտությունների թեկնածու ՄԻՐՑԱ ՀԱԼԱՋՅԱՆԸ մեզ հետ զրույցում նշեց, որ դպրոցներում ԳԹԿ-ի ներկայացրած թեստերի առնչությամբ որևէ առարկություն չի եղել. «Ավելին, արդեն 3-րդ տարին է, ճիշտ նույն կառուցվածքով թեստեր են տրվում 9-րդ դասարանի ավարտական քննությունների ժամանակ, և արձագանքները, որքան մեզ հայտնի է, միայն դրական են եղել։ Թեստերի նյութը բացառապես ընտրված է դասագրքերից»։
Մասնագետի վերլուծությունները վկայում են, որ աշակերտները հիմնականում թերանում են կապակցված խոսք կազմելուց։ Մասնավորապես, թեստում կա առաջադրանք, որով հանձնարարվում է գրել փոքրիկ շարադրություն` օգտագործելով տրված բառերը։ Ընդ որում, աշակերտը կարող է օգտագործել տրված տասը բառերից ընդամենը վեցը` առանց միավոր կորցնելու վտանգի։ Սակայն ինչպես ցույց է տվել ստուգումը, աշակերտների գերակշիռ մասը չունի հստակ պատկերացում այն մասին, թե ինչ է իրենից պահանջում կապակցված խոսք շարադրելու վերաբերյալ առաջադրանքը։ «Նրանք հիմնականում չեն ընկալել, որ առաջադրվող պահանջներից գլխավորը խոսքի ամբողջականությունն է, որը դրսևորվում է համապատասխան նախապատրաստական խոսքի, միջին մասի` բուն բովանդակության, և եզրափակող, ամփոփող մտքի առկայության միջոցով: Թվարկված երեք մասերի միջև պետք է ապահովված լինի տրամաբանական կապ: Նման կապ պետք է առկա լինի նաև տեքստի բոլոր նախադասությունների միջև: Նախադասությունները քերականորեն և տրամաբանորեն պետք է ճիշտ հաջորդեն միմյանց: Աշակերտների կողմից գերազանցապես խախտվել են վերը նշված պահանջները, ինչը նշանակում է, որ կատարված չէ առաջադրանքը. չկա կապակցված խոսք` անկախ այդ առաջադրանքի համարի տակ գրված բառերի ու նախադասությունների քանակից, մինչև անգամ` անկախ դրանց լեզվական որակից` քերականության, կետադրության, ուղղագրության կանոնների պահպանված լինելուց կամ չլինելուց։ Այդ է պատճառը, որ հակառակ այն բանին, որ աշակերտների մեծամասնությունը (80-85%-ը) կատարել է այս առաջադրանքը, չափազանց քիչ է նախատեսված 4 միավորներից անգամ 1 միավոր վաստակածների թիվը: Հազվադեպ են 2 կամ 3 միավոր ստացածները: Այս առաջադրանքից առավելագույն միավոր չի ստացել ոչ մի աշակերտ»,- նշում է Մ. Հալաջյանը:
Թեև ԳԹԿ-ի մասնագետները մշակել են կապակցված խոսքի վերաբերյալ առաջադրանքների գնահատման չափանիշները, սակայն դրանք աշխատանքների գնահատման գործընթացում հարկադրաբար խախտվել են հօգուտ աշակերտների: «Բոլոր այն աշխատանքները, որոնք ինչ-որ չափով համապատասխանել են կապակցված խոսքին առաջադրվող վերը նշված չափանիշներին, մասնավորապես դրանցում արտահայտված է եղել ընդունելի բովանդակություն, գնահատվել են վերապահումներով: Այսինքն` թույլատրելիության սահմաններում անտեսվել են դրանցում առկա ուղղագրական, կետադրական, երբեմն բառագործածության սխալները: Արդյունքում ուղղագրական կամ կետադրական սխալներ պարունակող առաջադրանքների մի մասին միավորներ են տրվել և, ընդհակառակը, կան նման սխալներից գրեթե զերծ աշխատանքներ, որոնք բովանդակության կատարյալ բացակայության, անմտության կամ իրենցից պարզապես բառերի անիմաստ շարան ներկայացնելու պատճառով զրո են գնահատվել»,- ասում է Մ. Հալաջյանը:
Աշխատանքների վերլուծությունները փաստում են, որ առավել տարածված սխալներից և թերություններից են որոշակի բառերի կապակցելիության սկզբունքների խախտումներով կազմված բառակապակցությունները (տաղանդավոր օր, թարգմանել երաժշտությունը, շրջագայել դեպի Իտալիա), հավաքական գոյականներով արտահայտված ենթակաների թվային անհամաձայնությունները ստորոգյալների հետ (ժողովուրդը հավաքվել էին, ողջ դահլիճը ցնցված էին)։ Նախադասություններում առկա են իմաստային, բովանդակային սխալներ (բացվեցին կրկեսի վարագույրները, դահլիճը լի էր բուռն ծափահարություններով, գնացել էինք իմ ընկերոջ ծնունդին, և հանկարծ նա ներս մտավ, այդ համերգի ընթացքում Արամ Խաչատրյանը ներկայացնում էր Հայաստանը, կամ՝ բացվեցին վարագույրները, և վարագույրների հետևում կանգնած էր նա, աշխարհահռչակ երգիչը հուզվում էր, որովհետև առաջին անգամ էր բեմ բարձրանում):
Հաճախ անիմաստ, անտրամաբանական է շարադրանքն ամբողջությամբ, օրինակ` աշխարհահռչակ դերասանները մրցույթների են մասնակցում` պատվով ներկայացնելով իրենց երկիրը, հաղթում են այդ մրցույթներում, ինչ-որ մրցանակներ են շահում, դրամական պարգևներ ստանում և ուղևորվում աշխարհով մեկ շրջագայության, կամ` աշխատանքի հեղինակի տասնհինգ տարեկան` երբևէ բեմ չբարձրացած ընկերը հենց որ երևում է արտերկրի ինչ-որ բեմի վրա` դահլիճի վարագույրների հետևում, դահլիճը թնդում է բուռն ծափահարություններից, նա շատ փայլուն է ներկայացնում իր խաղը, աշխարհահռչակ դերասաններով լեփ-լեցուն դահլիճը նրան ոտնկայս ծափահարում է, և այդ երեխան այդ օրվանից դառնում է աշխարհահռչակ։
Աշակերտների համար լուրջ բարդություն են ներկայացնում նաև ստորադաս նախադասության բնույթը որոշելու վերաբերյալ առաջադրանքները: Չեն կարողանում կազմել նախադասության գծապատկերը։ Մ. Հալաջյանը նկատում է, որ համեմատաբար լավ են կատարված գրականության առաջադրանքները, բացի ասույթների (այսինչ գրողի խոսքը մյուսի մասին) վերաբերյալ առաջադրանքներից:
Հաճախ կետադրելու համար տրված նախադասություններն արտագրված են ուղղագրական սխալներով, բացթողումներով, գրողների անուն-ազգանունները, ստեղծագործությունների վերնագրերը գրված են ուղղագրական սխալներով:
Մ. Հալաջյանը կարծում է, որ հիմնական դպրոցում շատ անելիքներ կան։ Թեստերում ներառված են հմտություններ, որոնք մեկ-երկու տարվա յուրացման բան չեն։ Աշակերտը պետք է համապատասխան բազա ունենա, կարդացած լինի, նրա խոսքը պետք է մշակվի ուսումնառության բոլոր տարիների ընթացքում։ Մասնագետը կարևորում է նաև հեռուստատեսության դերը, որով շատ անգամ հնչում է աղավաղված հայերեն։ Եթերից հնչող սխալներն անմիջապես տպավորվում են երեխայի մեջ։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3193

Մեկնաբանություններ